Ադրբեջանի եւ Թուրքիայի «ճշմարտության պահը»

Ադրբեջանի եւ Թուրքիայի «ճշմարտության պահը»

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարություն արեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանն Ադրբեջանի «պատմական հողն է» եւ այն «պետք է վերադարձվի»: Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրի որեւէ ղեկավար որեւէ այլ անդամ-երկրի մայրաքաղաքի վերաբերյալ նման անթաքույց ձեւով հավակնություն չէր հայտնել՝ սկսած Ուինսթոն Չերչիլի Ստրասբուրգյան ճառից, որը հիմք դրեց այդ կազմակերպությանը:
Ընդ որում, Ալիեւը սա ասաց ոչ թե ինչ-որ տեղ փողոցում կամ ինչ-որ հարցազրույցում, կամ այլ «ինքնաբուխ» մթնոլորտում, այլ վաղօրոք գրված ծրագրային ճառում Ադրբեջանի՝ իր իսկ կողմից գլխավորած իշխող կուսակցության նախընտրական համագումարում:
Այսինքն՝ Արցախի «հետ բերելը», «տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ նման կարգի խոսակցություններն այլեւս ակտուալ չեն, արդեն ակտուալ է Երեւանը «վերադարձնելը»:

Պաշտոնական Երեւանը սա որակեց որպես հերթական «զառանցանք», ինչի հետ դժվար է չհամաձայնելը: Բայց արդյո՞ք սա միա՛յն զառանցանք է:

Այս սպառնալիքը հնչեցվեց, երբ տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ հենց հաջորդ օրը նրանից հետո, երբ չնայած համանախագահների ներկայությանը՝ հայ զինվոր սպանվեց Արցախում՝ Ադրբեջանի հետ շփման գծի վրա:
Ի պատասխան այդ «զառանցանքի»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որով հակամարտության կողմերին կոչ արեցին «ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»:

Հայտարարությունից պարզ չէ, թե հայկական կողմն ինչպիսի «հրահրող հայտարարություն» է արել, կամ որն է եղել հայկական կողմի «սադրիչ գործողությունը», իսկ միջազգային լրահոսն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ հրահրողն էլ, սադրողն էլ Ադրբեջանն է, սակայն այդ «պարիտետային» հայտարարությունից դա՛ էլ չի երեւում:
Իհարկե, այս ամենը տեղի չէր ունենա, եթե այդ «մազութի տակառն» առաջին հերթին մեր «դարավոր բարեկամ» ռուսների կողմից չլցոնվեր հարձակողական զենքով եւ դրանով իսկ չկտրվեր իրականությունից, իսկ մյուս կողմից՝ եթե միջազգային հանրությունը չշարունակեր աչք փակել սովորական ֆաշիզմի եւ նացիզմի այն ուրվագծերին, որոնք ձեռք է բերում երկիրը բանտի վերածած Ալիեւի ռեժիմը: Բայց եղածը եղած է, սա է այսօրվա իրողությունը:

Ընթացող բանակցային գործընթացը, որին հայկական կողմն ակտիվորեն մասնակցում է, առարկայական բանակցություններ համարելը դժվար է, լավագույն դեպքում՝ բանակցություններ կոնֆլիկտը կառավարելի հունի մեջ պահելու վերաբերյալ: Որովհետեւ պարզ է, եւ Ադրբեջանի բռնապետը դա բարձրաձայնում է վաղօրոք գրված թղթից. Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան Կովկասում գտնվում է կենսական աստիճանի սպառնալիքի ներքո:

Սա ոչ թե ալարմիստական բնույթի պնդում է, այլ ուղղակի հետեւություն Ալիեւի կոչից, որը նա անվանեց նաեւ որպես «բոլոր ադրբեջանցիների ռազմավարություն»: Իհարկե, սրանից ոչ թե վախենալ է պետք, վախենալ պետք է սրան անլուրջ վերաբերվելուց: Այո՛, սրան պետք է շատ եւ շատ լուրջ վերաբերվել: Նրանք մեզ սպառնում են ոչնչացնել եւ գրավել, «հետ բերել» մեր մայրաքաղաքը:

Այս ուղղակի սպառնալիքի ֆոնին ուշագրավ է մեր մյուս «քաղաքակիրթ» հարեւանի ղեկավար Էրդողանի հայտարարությունը, որը նա հնչեցրեց Օսմանյան կայսրության փաստացի վերջին սուլթան, քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների, բուլղարացիների, սերբերի, մակեդոնացիների դահիճ՝ Աբդուլ-Համիդի մահվան 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նա ասաց, որ Թուրքիայի Հանրապետությունն Օսմանյան կայսրության շարունակությունն է, եւ թուրքերը «հպարտանում են» իրենց այդ «պետությամբ», որի հիմքում էր տոտալ բռնությունը, քրիստոնյաների տղա երեխաների բռնի իսլամացումը «դեւշիրմե» կոչվող այլանդակ պրակտիկայի կիրառմամբ եւ ժողովուրդներին իրենց հայրենիքից զրկելը:

Սա գալիս է լրացնելու այն նոր իրողությունը, որը ծավալվում է մեր շուրջը: Ադրբեջանը դարձել է ամենախավարամիտ, ամենաագրեսիվ եւ ամենավայրենի տոհմա-ցեղային մտածողության գերին, որտեղ որոշ նացիստական պրակտիկաներն այլեւս պետական քաղաքականություն են, հայատյացությունը՝ պետական գաղափարախոսություն, իսկ ցեղասպանությունը՝ այդ քաղաքականության եւ գաղափարախոսության կիրառման միանգամայն ընդունելի եղանակ: Իսկ Թուրքիան այլեւս մի կողմ է դրել իր եվրոպականացման ձգտումները եւ ոչ միայն վերադառնում է դեպի իր օսմանյան վայրենի անցյալը, այլեւ դրանով պաշտոնապես «հպարտանում» է, այնպես, ինչպես ռուսական հասարակության մի ստվար զանգվածի մոտ ցարիզմն է եւ լենինիզմ-ստալինիզմը:
Այսօր Կովկասը համեմատաբար խաղաղ է, բայց այսօր արդեն արյունաքամ է լինում եւ տառապում է Սիրիայի բազմազգ եւ բազմակրոն ժողովուրդը, որովհետեւ ռուսները եւ թուրքերը տարբեր, բայց էությամբ նեոկայսերական շարժառիթներով այնտեղ «ինքնահաստատվում» են խաղաղ բնակիչների վրա: Բայց փաստ չէ, որ այստեղ խաղաղությունը հավերժ է, եւ փաստ չէ, որ մեր հարեւանները հանկարծ մի օր չեն գա այն մտքի, որ «ժամանակն է» հարցերը լուծել իրենց համար պատմականորեն քաջ հայտնի ճանապարհով:

Հայաստանը եւ հայ ազգը սրան պետք է պատասխան տա: Իսկ սրա պատասխանը ազատ, ժողովրդավար, բարձր տեմպերով զարգացող Հայաստանի եւ Արցախի հանրապետություններն են, ուր Սփյուռքը վերադառնում է արարելու, պաշտպանելու եւ ազատ ապրելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «քաղաքակիրթ» հարեւանների երազանքները փորում թողնելու համար:

Հայաստանի եւ Արցախի համար միանգամայն հաղթահարելի է նաեւ այս ժանտախտը, ուղղակի դրա համար պետք է նորմալ պետություն դառնալ:

… Մի պատմություն մամուլից հիշեցի:
Իսրայելում նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավոր մի տարեց կին դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Հիշե՛ք ընդմիշտ: Եթե որեւէ մեկը որեւէ տեղ խոստանում է ձեզ սպանել՝ հավատացե՛ք նրանց: Մի դատեք այնպես, ինչպես մենք այն ժամանակ, Հոլոքոստից առաջ, որ դա նրանց մոտ ուղղակի քաղաքականություն է, բայց նրանք լավ եւ բարի մարդիկ են, որ նրանք դա ասում են հենց այնպես: Երբ նրանք խոսքից կանցնեն գործի՝ ուշ կլինի: Հավատացե՛ք նրանց, ովքեր խոստանում են սպանել ձեզ: Եվ եթե դուք ուժ ունեք՝ զենք վերցրեք ձեր ձեռքը եւ նրանց առաջինը սպանեք, որպեսզի պաշտպանեք ձեզ եւ ձեր ընտանիքները»:

… Սա կոչ չէ՛ պատերազմի, սա կոչ չէ՛ բանակցային գործընթացից դուրս գալու: Սա նաեւ բռնության կոչ չէ՛: Սա խելքը գլուխը հավաքելու կոչ է, առողջ բանականությանն անսալու կոչ, պետական մտածողությամբ առաջնորդվելու կոչ է, նաեւ կոչ, որ խաղաղության համար պետք է արարել եւ պայքարել, այն չափազանց թանկ է, եւ որ ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի, եւ դա հակառակորդին զերծ կպահի տարբեր գայթակղություններից:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

13.02.2018