ՄԻԵԴ վճռից հետո Մարտի 1-ի գործերը պետք է վերաբացվեն. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ վճռից հետո Մարտի 1-ի գործերը պետք է վերաբացվեն. «Ժողովուրդ»

Մարտի 1-ին կլրանա ողբերգական իրադարձությունների 10 տարին։ Եւ հիմա պետք է արձանագրենք՝ այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգի սպանվեց, բայց բացահայտման առնչությամբ ոչ մի առաջընթաց չկա։ Եվ սա այն դեպքում, երբ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ թե՛ փաստահավաք խումբ է աշխատել, թե՛ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է գործել՝ չհաշված հարուցված քրեական գործը, որ դեռեւս քննվում է ՀՔԾ–ում։

Իրավապաշտպան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու վերաբացել գործը։ Ինչպես հայտնի է՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանցից 9-ի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր հենց Արտակ Ջեյնալյանը, եւ զոհերի հարազատների գանգատը ներկայացվել է Եվրադատարան։ Ինը զոհերի հարազատները Եվրադատարանից պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման եւ այլ իրավունքների խախտումներ։

– Ընթացակարգն ինչպե՞ս է, ե՞րբ կարող ենք սպասել ՄԻԵԴ-ի որոշմանը։

– Որոշակիացված չէ, չկա որեւէ հստակ սահմանում։ Թե ինչքան կտեւի, դժվարանում եմ ասել։ Մենք ունենք գործեր, որ հաղորդակցությունն ավարտելուց հետո ինը տարի տեւել է մինչեւ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել։

– Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ է գործել։ Որքանո՞վ են այդ տվյալներն անհրաժեշտ եղել ՄԻԵԴ-ում գործի քննման ժամանակ։

– Կարծում եմ, այո՛, մենք մի շարք գործերով փաստահավաք խմբի փաստաթղթերն օգտագործել ենք, դրանում արձանագրված փաստերն օգտագործել ենք ՄԻԵԴ-ում։

– Ի՞նչ ունենք դեպքերից 10-ը տարի անց։

– Դեպքերից 10-ը տարի անց ունենք անարդյունավետ նախաքննություն, ունենք, իմ համոզմամբ, անարդարացի դատապարտված անձինք՝ քաղաքական հայացքների համար։ Ունենք Ազգային ժողովի կողմից իրականացված օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է նպաստեին, առիթ դառնային արարքները վերաորակելու եւ այդ մարդկանց ազատ արձակելու, ինչը, սակայն, չիրականացվեց։ Նաեւ օրենսդրական նախաձեռնություն եղավ եւ ընդունվեց, որ այդ անձինք պետք է ազատվեին պատիժը կրելուց, գուցե նաեւ արդարացվեին, ինչը չեղավ։ Ունենք զոհերի հարազատներ, իրավահաջորդներ, ովքեր չեն ստացել արդարացի հատուցում, փոխհատուցում, եւ նրանց իրավունքները շարունակում են խախտված մնալ նաեւ այն պատճառով որ, ինչպես ասացի արդեն, նաեւ արդյունավետ նախաքննություն չի իրականացվել։ Չի բացահայտվել ճշմարտությունը, մեղավորները չեն գտնվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել։

– Ըստ Ձեզ, ե՞րբ կբացահայտվի այս գործը եւ ո՞ր դեպքում։

– Եվրոպական դատարանի վճիռներից հետո, կարծում եմ, որ այդ գործերը պետք է վերաբացվեն:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում