«Ադրբեջանում տնտեսական խնդիրներ են սպասվում, կլանային պայքար է ընթանում». Ալեքսանդր Իսկանդարյան. (Տեսանյութ)

«Ադրբեջանում տնտեսական խնդիրներ են սպասվում, կլանային պայքար է ընթանում». Ալեքսանդր Իսկանդարյան. (Տեսանյութ)

«Ինչ-որ բան պետք է ասի, չէ՞: Չէ՞ որ առջեւում ընտրություններ են: Դա ներքին լսարանի համար է»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս արած հայտարարությանը, թե «իրենք վերադարձնելու են Երեւանը», ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա այնուհետեւ նշեց պատճառները, որոնք հիմք են հանդիսացել Ադրբեջանի նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ  տեղափոխելու համար. «Սկզբում նավթի գները կտրուկ նվազեցին, ինչի պատճառով Ադրբեջանն անգամ ռազմական բյուջեն կրճատեց: Հիմա ռազմական տեխնիկայի գնումներ գրեթե չեն լինում, դրանք նախկինում ձեռք բերված պայմանագրերի արդյունքում են միայն մատակարարվում: Առաջիկայում եւս տնտեսական խնդիրներ են սպասվում, որոնք կրկին կապված են նավթի գների անկման հետ: Մյուս պատճառ այն է, որ հայր եւ որդի ալիեւները գրեթե կես դար կառավարում են: Ներքին հակասություններ կան՝ կլանային պայքարներ»:

Իսկանդարյանը հստակեցրեց, որ ալիեւյան էլիտայի ներկայացուցիչները գրեթե հեռացված են իշխանությունից, իսկ Փաշաեւների ընտանիքը՝ Մեհրիբան Ալիեւայի ընտանիքը, ավելի մեծ քաղաքական դիրքեր է զբաղեցնում. «Այս համատեքստում ներքին բախումներ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է նրան, որ Ալիեւը փորձում է իր իշխանությունն ապահովել հնարավորինս շուտ»:

Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը, թե հայկական կողմի դիվերսիոն գործողություն են կանխել. «Կարեւոր չէ՝ իրականում նման բան եղե՞լ է, թե ոչ: Դա գործիք է, որն Ադրբեջանը մինչեւ ընտրություններն օգտագործելու է որպես քարոզչական միջոց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ