Լարիսա Ալավերդյան. «Չկա Արցախի հարց, կա հայության խնդիր»

Լարիսա Ալավերդյան. «Չկա Արցախի հարց, կա հայության խնդիր»

Արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այն ճնշումների, որոնք Ադրբեջանի կողմից ամենավառ դրսեւորումը ստացել էին Արցախում: «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր, խոսելով սումգայիթյան ջարդերի մասին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այն, ինչ ստացվել էր Նախիջեւանում`հայաթափում, ըստ բանախոսի, Արցախում չէր ստացվում, ուստի Ադրբեջանին այլ ելք չէր մնում: Ալիեւի ցայսօր հնչող հայտարարություններն էլ, ըստ նրա, ապացույցն են ադրբեջանական ագրեսիայի:

Սումգայիթյան դեպքերը տեղի են ունեցել հիմնականում փետրվարի 27-29-ը, շարունակվել են նաեւ դրանից հետո: «Սովետական միությունում որեւէ մեկը չէր պատկերացնում, որ դա ոչ թե մի գործողություն է, այլ բացահայտումն այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել Ադրբեջանի կողմից դեռ 1918 թվականից»,- ասում է Լարիսա Ալավերդյանը`հավելելով, որ Ալիեւի ներկայիս հայտարարությունները եւս պատահական չեն. «Այդ հանրապետությունն այդ կարգախոսով է ծնվել, դրանով կառավարվել: ՍՍՀՄ-ում դրսեւորվել չէր կարող, առիթ էր պետք, Ադրբեջանն այդ առիթը ստեղծում էր Արցախում»:

Թեեւ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, դատական գործընթացներ են եղել, հոդվածներ են հրապարակվել եւ այլն, բայց, Լարիս Ալավերդյանը նկատում է` այդ ցեղասպանական գործողությունները ո’չ քաղաքական գնահատական են գտել, ոչ էլ` իրավական, քանի որ անգամ վճիռներից հետո հայտնի չէ`վճռով սահմանված պատիժներն այդ մարդիկ կրե՞լ են, թե`ոչ: Նաեւ, տուժածներին որեւէ փոխհատուցում չի եղել`ոչ նյութական, ոչ բարոյական, ոչ ֆիզիկական վնասների համար. «Նույնիսկ ՍՍՀՄ եւ Ադրբեջանի ղեկավարները ցավակցություն չեն հայտնել: ՀՍՍՀ ԳԽ-ն որոշումներ է ընդունել, այդ գործողությունները ձեւակերպվել են իբրեւ ցեղասպանության փորձ, պահանջ են ներկայացրել, որ կատարողները պատասխանատվության ենթարկվեն: Բայց նորանկախ Հայաստանում մինչ օրս ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ մարդասիրական գնահատական չի հնչել»:

Պաշտոնական թվերով` այդ դեպքերի ժամանակ եղել է 32 զոհ, որից 26-ը հայեր էին: Դատական գործընթացների արդյունքում մեկ հոգի է մահապատժի դատապարտվել ու հայտնի չէ`վճիռն ի կատար ածվե՞լ է, թե` ոչ: «ՍՍՀՄ-ն այդ դեպքերն անվանեց խուլիգանական: Անգամ Հայաստանում դրանք կազմակերպված չորակվեցին, ու տուժածներն անգամ հատուկ կարգավիճակ չունեն: Բաքուն երեսուն տարի է` ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում, որը ո’չ միջազգային հարթակներում, ո’չ Հայաստանում համապատասխան գնահատական չի ստանում: Մինչդեռ Ադրբեջանում այդ ոճրագործություններն իրականացնողները պետական պարգեւների են արժանանում: Հիշեք Ռամիլ Սաֆարովի դեպքը: Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ դրանք ոչ թե առանձին անձինք են իրականացնում, այլ պետությունը»,- ահազանգում է բանախոսը:

Այս ամենից հետո, տիկին Ալավերդյանը հայտարարում է, որ Հայաստանում բոլորը`պետական, քաղաքական, քաղաքացիական կառույցները պետք է հասկանան. «Չկա Արցախի հարց, կա հայության խնդիր»: Այս իմաստով նա տարօրինակ է համարում արցախյան հարցի դիտարկումն այն հարթության մեջ, որն այսօր դրված է. «Որեւէ մեկդ երբեւէ լսե՞լ եք, որ հրեաներին կոչ անեն`նացիստների հետ կոմպրոմիսների գնալ: Իսկ արցախահայությանը արդեն տարիներ շարունակ դա է ասվում: Ընդ որում, մենք չենք լսել, թե ինչ փոխզիջման է պատրաստ Ադրբեջանը»:

Նա կարծում է, որ Հայաստանում մոտեցումներն էապես պետք է վերանայվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ