«Եթե Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը տեղավորում է իրա տակ, լա՛վ է անում, ո՞վ է դեմն առնում». Արամ Մանուկյան

«Եթե Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը տեղավորում է իրա տակ, լա՛վ է անում, ո՞վ է դեմն առնում». Արամ Մանուկյան

«Չի կարող ԱԺ խոսնակը լինել մի խորհրդի կազմում, որի ղեկավարը վարչապետն է: Այլ հարց է, թե արդյո՞ք Անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարի վարչապետը, ոչ թե ՀՀ նախագահը: Եթե Անվտանգության խորհրդի նախագահը վարչապետն է, չի կարող մի մարմնի ղեկավար, որը պետք է վերահսկի իրենց, լինի այդ նույն խորհրդի կազմում»,- այսօր «Հոդված 3» ակումբում Անվտանգության խորհրդի կազմի մասին խոսելիս այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց. «Այսօր ընդդիմադիր են դառել …բարձրագոչ՝ սուպերվարչապետություն, եւ այլն, դրա հիմքը դրվեց կեղծ, չընդունված Սահմանադրության մեջ, ասում էինք, որ սա կարվում է Սերժ Սարգսյանի հագով: Այս ամբողջ պրոցեսը, որ հիմա գնում է՝ 2016-ի աշնանից սկսած՝ ամբողջ համակարգը ենթարկացնել Սերժ Սարգսյանի կամքին, քմահաճույքին: Մեր ողբերգությունն այն է, որ այս ազգակործան գործընթացին ըմբոստացողները քիչ են: Արմեն Սարգսյանին առաջարկում են, ոչ ոք չի ասում՝ բա մեր կուսակցությունից չի, բերում դնում են, բոլորը համակերպվում են, քվեարկում են: Եթե Սերժ Սարգսյանը ամբողջ համակարգը տեղավորում է իրա տակ, լա՛վ է անում, ո՞վ է դեմն առնում, ո՞վ է այն ըմբոստը, որ ասում է՝ մի՛ արեք: Երբ մարդը այլընտրանքի ներկայացման, ըմբոստացման տեղ չունի, արտագաղթում է… Արմեն Սարգսյանը եկել է, Հայաստանում մեկի միմիկան չի շարժվել, որեւէ կարծիքների բախում չի առաջացրել, եւ նա կոչվելու է նախագա՞հ»:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի կազմին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ այդ մարմինը պետք է լինի ֆունկցիա կատարող, ոչ թե ինչ-որ մեկի ենթակայության տակ: ԱԺ նախագահը երկրի երկրորդ մարդն է, չի կարող օրենսդիրի ղեկավարը այս խորհրդակցական մարմնի մեջ որեւէ գործառույթ չունենա, վերջին հաշվով ինքն է պատերազմ հայտարարում:

Արամ Մանուկյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում մեղադրում է բոլոր նրանց, ովքեր երկու տարի առաջ ասում էին՝ կեղծ համակարգ է, լուռ էին, ձայն չէին հանում: Նրա խոսքով՝ «Կաշառված էին, այսօր խոսում են: Համակարգը կերել են, պառլամենտը ոնց կերան: Կրիմինալը, հեղինակավոր գողական անունով տղերքը ստացան 40 հազար ձայն ընտրություններին, քաղաքական դեմքերը ստացան 1000-1500 ձայն, այսպիսի քաղաքական համակարգ չի կարող լինել: Որքան էլ չսիրված լինեն քաղաքական գործիչները, գոնե 5000 ձայն պիտի հավաքեին, բայց արի ու տես, որ գողականը ստացավ 40 հազար ձայն, սա ցույց է տալիս, որ քաղաքական համակարգը ամուլ է ու հիմա ուշացած եկել քննարկում ենք՝ Բաբլոյանը լինի՞ Անվտանգության խորհրդի կազմում, թե չէ: Համակարգը ձեռքից գնացել է, ու հիմա 5 Բաբլոյան էլ լինի՝ ի՞նչ պիտի անի այնտեղ»:

Մենք ճշտեցինք, այսինքն, այն ընդդիմադիրները, որոնք հիմա խոսում են «Սերժ Սարգսյանի հագով կարված այս կոստյումի» մասին, կեղծ ընդդիմությո՞ւն են խաղում, քանի որ ժամանակին «Ոչ»-ի շարժմանը չեն միացել՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Սահմանադրության փոփոխությունների ժամանակ ժողովուրդն իրեն պահեց հերոսի նման, փող  չի վերցրել: Ինքն իր պարտքն արեց: Քաղաքական ուժերը աջակից չկանգնեցին ժողովրդին, եթե քաղաքական ուժերը այդպես խեղճ ու հարմարվող չլինեին…այն ժամանակ քաղհասարակությոնն էլ իրեն հրաշալի պահեց, ինչը հիմա չեմ զգում, եթե քաղաքացիական խմբերի, ժողովրդի նման քաղաքական ուժերը ձիգ կանգնեին, Սահմանադրությունը չէր անցնելու: Բոլորը գիտեին ինչի համար են արվում այդ փոփոխությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ