Մարինա Գրիգորյան. Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ղեկավարությունն էր կազմակերպել

Մարինա Գրիգորյան. Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ղեկավարությունն էր կազմակերպել

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն արդեն ութ տարի է ուսումնասիրում է սումգայիթյան ջարդերը: «Արմենպրես» մամուլի սրահում բանախոսն այսօր հայտարարեց, որ անգամ ազգությամբ ադրբեջանցիների վկայությունները ցույց են տալիս`դրանք պետականորեն մշակված գործողություն են եղել:

Օրինակ, ադրբեջանցի քաղաքագետ, Ազգային ճակատի նախկին անդամ Զարդուշտ Ալիզադեն իր «Երկրորդ հանրապետության վերջը» գրքում գրում է, որ ամսի 26-ին, Ստեփանակերտում Հայաստանի հետ վերամիավորումից հինգ օր անց,  Սումգայիթ են ժամանել պետության առաջին դեմքերը, խորհրդակցություններ են անցկացվել, ամսի 27-ին Սումգայիթի հրապարակում հանրահավաք է եղել, որից հետո սկսվել են ջարդերը: «Մենք կարող ենք արձանագրել, որ  Ադրբեջանի ղեկավարության առկայության պայմաններում հայերի դեմ սկսվել եւ շարունակվել են ջարդերը»,- ասում է Մարինա Գրիգորյանը:

Ըստ բանախոսի, այդ ժամանակ Ադրբեջանի գործկոմի ղեկավարներից Էմինբեյլին խոստովանում է` նույնիսկ ամսի 28-ի առավոտյան Սումգայիթում միտինգներ են եղել, որոնց մասնակցել են ղեկավարները, հնչել են հակահայկական կոչեր`«մահ հայերին» եւ այլն, որից հետո ջարդերն ավելի դաժան կերպով են շարունակվել:

Մարինա Գրիգորյանն ասում է, որ ունեն բազմաթիվ տեսագրություններ, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները ղեկավարում ջարդերը: Դրանք տեղ են գտել նախագծի շրջանակներում նկարահանված ֆիլմում:

Նաեւ, Սումգայիթի գործադիր մարմինների ղեկավարները վկայություններ են տվել, որ ջարդերից անմիջապես հետո, Բաքվից ցուցումներ են ստացել`անմիջապես վերացնել ջարդերի հետեւանքները, մաքրելով բոլոր իրեղեն ապացույցները:

Տիկին Գրիգորյանը հիշեցնում է նաեւ, որ այս տարվա հունվար ամսին ադրբեջանցի հասարակական- քաղաքական գործիչներ Արիֆ Յունուսովը եւ Զեյնալ Իբրահիմովը հաստատեցին`1990թ. Բաքվի ջարդերը կազմակերպվել էին Հեյդար Ալիեւի գլխավորությամբ: «Իլհամ Ալիեւը հոր արժանի շարունակողն է»,- փաստում է բանախոսը:

Մարինա Գրիգորյանն ասում է նաեւ, որ ունեն բազմաթիվ ապացույցներ, որ զոհերն ավելի շատ են. «Ունենք Սումգայիթի եւ Բաքվի դիահերձարաններում արված լուսանկարներ, որտեղ սպանվածների նկարներ են, որոնք չկա պաշտոնական ցուցակներում, սպանվածների հարազատների վկայություններ եւ այլն: Ադրբեջանական աղբյուրներ կան, որոնց համաձայն մեկ գիշերվա մեջ 100 հայ է սպանվել: Վիկտոր Կրիվապուսկովի վկայություններով էլ`մի քանի հարյուր հայ է սպանվել այդ դեպքերի ժամանակ»:

Տիկին Գրիգորյանը հայտարարում է. «Մենք պատրաստ ենք ցանկացած դատարանում, ցանկացած լսարանի առջեւ ապացուցել, թե ի՞նչ է կատարվել Սումգայիթում: 30 տարի թերացել ենք այս սպանությունները միջազգային հանրությանը ներկայացնել: Եթե ՀՀ իշխանությունները ճիշտ ներկայացնեին այս ամենը, արցախյան հարցի բանակցային գործընթացն այլ հունով կընթանար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ