Ռադիոն չի նահանջել, այն դարձել է ավելի ազդեցիկ. Գարեգին Խումարյան

Ռադիոն չի նահանջել, այն դարձել է ավելի ազդեցիկ. Գարեգին Խումարյան

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականի փետրվարի 13-ին Իտալիայում, իսկ հիմա նշվում է նաև Հայաստանում:

-Հասարակությունն իր պահանջներն ունի ու դրա հիման վրա փոխվում են լրատվամիջոցների ֆորմատները: 15-20 տարի առաջ ռադիոն ամեն ինչ էր, բոլորի համար. դրա մեջ կար և՛ երաժշտություն, և՛ լուրեր, և՛ հաղորդումներ, իսկ հիմա այն իր ձևաչափով նեղացել է: -Aravot.am-ի հետ զրույցում ասաց FM 106.5 լրատվական ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը: -Հետագայում էլ հավանական է, որ կունենանք առանձին ռադիոկայաններ՝ տարբեր նախընտրություններ ունեցող մարդկանց համար՝ ավտոսիրողների, դասական երաժշտություն սիրողների, հատուկ կանանց կամ տղամարդկանց համար և այլն:

Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու ռադիոյի արդիականությունը: Հարցման արդյունքում պարզվեց, որ 170 հոգուց 120-ը լսում է ռադիո: Ռադիոյով մարդիկ ամենաշատը սիրում են երաժշտություն լսել (հարցվածների 85%), դրան հաջորդում են լրատվական ու ժամանցային ալիքների սպառողները:

-Ռադիոն չի նահանջել. այն դարձել է ավելի ազդեցիկ: Ռադիոն մնալու է հզոր, շատ ավելի երկար, քան հեռուստատեսությունը, կարծում եմ,-ասում է Գ.Խումարյանը:
Այժմ ամենաշատ լսվող ալիքը «Ռադիո Ավրորան» է, դրան հաջորդում են «Ռադիո Ջանը» և «Ռադիո Վանը», քիչ չեն նաև «Իմ Ռադիոյի» սպառողները: Լրատվական ռադիոալիքներից սպառողները նախընտրություն են տալիս FM 106.5-ին:

Ռադիոյի մեծ, չնահանջող սպառումը Գարեգին Խումարյանը կապում է մարդկանց աշխատելու հետ:

-Չաշխատող մարդու համար կա հեռուստացույց, կա սերիալ ու նրանց ժամանցն ապահովելու այլ միջոց: Իսկ զբաղված մարդիկ նախընտրում են ռադիո, որովհետև կարողանում են և՛ լսել, և՛ մեկ այլ գործով զբաղվել միաժամանակ: Իսկ բոլոր նրանք, ովքեր կասկածում են ռադիոյի արդիականությանը, թող հարստանան, ունենան ռադիոընդունիչով մեքենա և միայն այդ ժամանակ կհասկանան, թե ինչքան էական է ռադիոն,- կատակում է պարոն Խումարյանը:

Շուշաննա Խաչատրյան