«Ավագանու նիստը թաղի «լավ տղերքի» հարաբերություններ է հիշեցնում». Աշոտ Մելիքյան

«Ավագանու նիստը թաղի «լավ տղերքի» հարաբերություններ է հիշեցնում». Աշոտ Մելիքյան

«Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` Երեւանի ավագանու նիստին այսօր տեղի ունեցածը ավագանու անդամների դաստիարակավածության մակարդակի եւ տիրող բարքերի մասին է  վկայում:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստին ծեծկռտուք է գրանցվել, նիստն ընդմիջվել է բժիշկների ու ոստիկանների այցելությամբ:

«Այդ մարմինը շատ խայտաբղետ է ու արժանի մարդկանց հետ միասին կան մարդիկ, որոնք մոտ էլ չպետք է լինեին, խոսքս հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների մասին է, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ, զարհուրելի էր: Միջադեպը շատ ավելի քաղաքակիրթ մեթոդներով կարելի էր հարթել»,- ասաց պարոն Մելիքյանը:

Ըստ նրա. «Այնտեղ տիրող բարքերը թաղային հարաբերություններ են հիշեցնում, թաղի «լավ տղերքի» հարաբերություններ, տղաներ, որոնք իրենց սանձարձակ են պահում ու կարծում են, որ որեւէ հետեւանք չի ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ