Գյուղապետը վստահ է` ՎիվաՍել-ՄՏՍ-ի  ալեհավաքը համայնքային տարածքում է տեղադրված

Գյուղապետը վստահ է` ՎիվաՍել-ՄՏՍ-ի  ալեհավաքը համայնքային տարածքում է տեղադրված

Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում ծագած խնդրին: Այստեղ 9 տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղադրել է ալեհավաք: Համայնքի բնակիչ Արտիկ Աղաջանյանն էլ դժգոհում է, թե ալեհավաքն իր հողատարածքում է տեղադրված, այլ ոչ թե համայնքային սեփականություն համարվող տարածքում: Հետեւաբար դրա դիմաց տրամադրվող գումարն էլ պետք է ինքը ստանա:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Եղեգնուտ համայնքի ղեկավար Միշա Հովհաննիսյանի հետ: Գյուղապետը վստահեցնում է, որ տարածքը, որտեղ տեղադրված է ալեհավաքը, համայնքային սեփականություն է հանդիսանում: Ասում է` մասնագետներ են եկել՝ քարտեզով ու կոորդինատներով որոշել ալեհավաքի տեղանքը. «Մասնագետներով քարտեզը բացել են, գյուղապետը որոշում է տվել, որ այսինչ կոորդինատներով, այսինչ ծածկագրի տակ լինի: Անտենան տեղադրելիս, քարտեզով, կադաստրային տարածքով հաշվարկած է: Հիմա կարող է մեկ ուրիշն էլ գա, ասի` դա իմ տարածքում է գտնվում: 9 տարի է, ու հանկարծ հիշել են, որ դա վճարովի է: Դա էլ վճարվում է պետական բյուջե, դա մասնավոր մարդու չէ, ո՛չ գյուղապետինն է, ո՛չ աշխատակազմինը: Ո՞ր գյուղապետը կուզենա պետական բյուջե փող գնա, ոչ թե իր աղքատ կամ մասնավոր սեկտորին: Ընկերությունն ամսական 20.000 դրամ վարձավճար է տալիս»:

Հովհաննիսյանի խոսքով` հարցը կարելի է լուծել միայն դատական կարգով. «Ես էլ ասում եմ, թե Երեւան քաղաքի կենտրոնում իմ պապը տեղ է ունեցել, ես կարո՞ղ եմ ապացուցել դա: Դա տենց չի լինում: Սեփականության վկայականն ասում է, որ այդ տարածքում, էդ մարդիկ հող չունեն: Մենք անօրինական ոչինչ չենք անում: Գիտեն, որ գյուղապետարանին փող են փոխանցում, դրա համար էլ երեւի ուզում են, էդ փողն իրանց լինի: Կադաստրի բոլոր հարցերը, ուղղումներ կլինեն, տարածքի վիճելի խնդիրներ կլինեն, դա միայն լուծվում է դատական կարգով»:

Գյուղապետն ասում է` ստեղծված իրավիճակի մասին Արտիկը դիմել է տարբեր կառույցների: Նրանք էլ եկել են, համոզվել, որ համայնքապատկան տարածքում է գտնվում ալեհավաքը եւ գնացել. «Բա 9 տարի որտեղ են եղել: Ես 20 տարի է` էս համայնքում եմ, իրենք էդ հողամասը ոտք դրած չեն, հնձած չեն: Հետո էլ 3 ամսից ավելի շինարարություն է գնացել, մեկը չի գնացել ասի, այ ընկերներ, էս մեր հողն ա է: Հո թաքուն չեն սարքել էդ ամեն ինչը: Իրանք ինձ էլ են դիմել, ինձանից հետո հազար տեղ էլ են դիմել: Եկած մարդը , որ բողոքել է, բացել եմ քարտեզը, ասել, տղա ջան, էս քարտեզը, էս կոորդինատները, էս վիշկի դրված տեղը: Ընդ որում վիշկեն զբաղեցնում է ընդամենը 100 քառ. մ, իսկ իրենք ասում են մենք էս տարածքում հեկտարից ավելի հողամաս ունենք»:

Առաջիկայում Aravot.am-ը ստեղծված իրավիճակի մասին կներկայացնի նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պարզաբանումը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ