Չեխովի անվան դպրոցի աշակերտի ծնող. «Մեր չինացի դասատուն քֆուրով է խոսում»

Չեխովի անվան դպրոցի աշակերտի ծնող. «Մեր չինացի դասատուն քֆուրով է խոսում»

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի չինացի ուսուցիչների վերաբերյալ: Ծնողները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք նշում, մեզ տեղեկացրին, որ իրենց երեխաները չինարենի դասերից հետո տուն են գալիս նյարդայնացած, պնդում են, որ ազգությամբ չինացի ուսուցիչները ռուսերեն հայհոյում են իրենց երեխաներին, խփում շշով, պատժելիս դասասենյակից դուրս անում:

Ծնողներից մեկը, որ դպրոցում տիրող մթնոլորտը տերթոդիկյան որակեց, մասնավորապես տեղեկացրեց, որ երեխաները նույնիսկ տեսանյութեր ունեն իրենց կոպտող ուսուցիչներին պատկերող: Նաեւ տեղեկացրեց, որ դժգոհությունների մասին տեղյակ են ե’ւ դպրոցի տնօրենը, ե’ւ փոխտնօրենը: Ծնողների հավաստմամբ`, դպրոցի ղեկավարությունը խոստացել է խնդրին լուծում տալ, սակայն արդեն 4-5 ամիս է՝ պատկերը չի փոխվել:

«Սկզբում երեխաս դժգոհում էր, չէի հավատում, անընդհատ խնդիրներ, խնդիրներ… Հետո այդ խնդիրը վերածվեց համատարած հիստերիայի: Մի անգամ էլ երեխայիս դպրոց էի տանում, ավելի բարձր դասարանի մի երեխայի հանդիպեցինք վերելակում, որը նույնպես չէր ցանկանում դպրոց գնալ, քանի որ չինարենի ուսուցիչը վատ է խոսում: Նրա ծնողն էլ էր դժգոհ: Իմ երեխան էլ էր անընդհատ դժգոհում, թե մամա, մեր դասատուն քֆուրով է խոսում մեզ հետ: Սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, նույն բանը լսեցի տարբեր ծնողներից, որ չինարենի ուսուցիչները հայհոյանքով են խոսում, գոռալով: Իմանալուց հետո զանգեցի դպրոց, խոսեցի փոխտնօրենի հետ, քանի որ տնօրենն անընդհատ զբաղված էր: Ասաց` ինչպե՞ս կարելի է 6-րդ դասարանցու հետ հայհոյանքով խոսել, իրենք սկսեցին կմկմալ, տնօրենը զանգեց ինձ, խոստացավ փոխել երեխայի խումբը: Բայց միեւնույն է՝ դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց: Եվ դա միայն իմ խնդիրը չէ… Ես ասացի, որ չեմ ուզում երեխաս չինարեն անցնի, ասացին` դա հիմնական առարկա է, իսկ հայհոյելը, կոպտությունը տնօրենը բացատրում է նրանով, որ դա նրանց մենթալիտետից է, իրենք ավելի խիստ են երեխաների հետ»,-հայտնեց մի ծնող:

Aravot.am-ը կապվեց նաեւ Ա Չեխովի անվան համար 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ: Տիկին Սարուխանյանն ասաց, որ տեղյակ չէ խնդրին, եւ եթե այն իսկապես համատարած բնույթ կրեր, դպրոցի տնօրինությունը կիմանար այդ մասին:

Տիկին Սարուխանյանն առաջարկեց հանդիպել եւ տեղում ծանոթանալ՝ ինչի մասին է խոսքը, նաեւ հետաքրքրվեց, թե ո՞ր դասարանում է տհաճ միջադեպ գրանցվել եւ ո՞ր ծնողն է դժգոհել:

«Եթե ծնողներն իսկապես ցանկանում են իրավիճակը շտկել, խնդիր չեմ տեսնում, որ այդ մասին տեղեկացնեն»,-ասաց տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ