«Հո չէին ասելու՝ ջա՜ն, մի հատ էլ հայհոյի». անչափահաս վկան՝ Սարի թաղում կատարվածի մասին

«Հո չէին ասելու՝ ջա՜ն, մի հատ էլ հայհոյի». անչափահաս վկան՝ Սարի թաղում կատարվածի մասին

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր անչափահաս վկա Տիգրան Մկրտչյանի հարցաքննությունից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչի դեմ առարկեց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ գտնելով, որ դատախազը ցանկանում է իր օգտին փաստեր լսել վկայից: Անդրիաս Ղուկասյանն իր հերթին դատախազի մասին ասաց. «Նա մտադիր է ոչնչից ապացույց սարքել, դա բարոյական չէ»: Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Ղուկասյանի հանդեպ սանկցիա կիրառել՝ իր մասին վիրավորական արտահայտություն անելու համար: Դատավոր Վարդան Գրիգորյանը, սակայն, վիրավորանք չհամարեց Ղուկասյանի գնահատականը եւ սանկցիա չկիրառեց:

Հրապարակվեց Տիգրանի նախաքննական ցուցմունքը, որում նա նշել է. «Ցուցարարներին Սարի թաղում միացան մոտ հարյուր հոգի, հետո ամբոխից որոշ մարդիկ սկսեցին հայհոյել ոստիկաններին, հետո քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Դրանք կպնում էին ոստիկանների վահաններին: Որոշ ժամանակ անց ոստիկանների կողմից ցուցարարների ուղղությամբ պայթուցիկներ նետվեցին»:

Ապա Տիգրանին կրկին հարցեր ուղղվեցին: Նա հստակեցրեց՝ ոստիկանները միտումնավոր մարդկանց կողմն են լուսաձայնային նռնակներ նետել, իսկ ցուցարարներն էլ հայհոյում էին, որովհետեւ ոստիկաններն էին իրենց հայհոյում. «Հո չէին ասելու՝ ջա՜ն, մի հատ էլ հայհոյի…քաղաքացիները բախումների տրամադրված չեն եղել: Իմ կարծիքով՝ բախումը ոստիկանության գործողությունների հետեւանքն էր»:

Վկան նաեւ հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանին դեպքի վայրում չի տեսել եւ նրան անձամբ չի ճանաչում: Այս գործով դատարանն անցավ գրավոր փաստաթղթերի հրապարակման փուլին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ