«Թագավոր տղա ես, ոտքերիդ տակ մեռնիմ»․ Գյումրի ոտք դնելուն պես Արմեն Սարգսյանն արժանացավ այս  խոսքերին (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Թագավոր տղա ես, ոտքերիդ տակ մեռնիմ»․ Գյումրի ոտք դնելուն պես Արմեն Սարգսյանն արժանացավ այս խոսքերին (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել էր Գյումրի՝ շփվելու  քաղաքի մտավորականների, շինարարների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ։ Նրա այցը սկսվեց Գյումրու կենտրոնից՝ «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցուց, որտեղ նրան  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միաժամանակ սպասում էին  եկեղեցու դիմաց հավաքված մուրացկանները։

Նրանցից մեկը փոքր-ինչ անակնկալի բերեց Արմեն Սարգսյանին։ Նախագահի թեկնածուն Գյումրի ոտք դնելուն պես մուրացկան կանանցից մեկի՝ տիկին Լիզայի կողմից արժանացավ «թագավոր» տիտղոսին։

«Թագավոր տղա ես, թագավոր ջան, մեռնիմ ոտքերիդ տակ»,- այսպես նրան դիմավորեց մուրացկան կինը։ Եկեղեցու աստիճաններով բարձրացող Արմեն Սարգսյանը նրան հակադարձեց․ «Ես թագավոր չեմ», սակայն մուրացկան կնոջից պրծում չկար, վերջինս անգամ խանգարեց  հարցազրույցը։ Տիկինը պահանջում էր օգնել իրեն։  «6 հատ որբ կպահեմ, երկու  հատ հաշմանդամ»,- ասում էր նա, Արմեն Սարգսյանը տիկնոջը գյումրեցու բարբառով  հարցրեց «քեզի բոլորը կճանչա՞ն» ու դիվանագետին հատուկ պատասխան տվեց՝ խոստանալով․ «Եթե ընտրվեմ, էլի գալու եմ»։

Մուրացկան կինը շարունակեց․ «Գիտեմ, որ պիտի ընտրվես»․ որին Արմեն Սարգսյանը պատասխանեց․ «Եթե չընտրվեմ , էլի գալու եմ»։ Կինը մինչև վերջ «հետապնդեց» Արմեն Սարգսյանին՝ ձեռնափայտով փորձելով վազել նրա մեքենայի հետևից։

Արմեն Սարգսյանը եկեղեցում մոմեր վառեց, հանգանակություն կատարեց: Այստեղ նրան կանգնեցրեց 80-ամյա մի ծերունի Լեվուշ Նահապետյանը ու հորդորեց փոխանցել Սերժ Սարգսյանին՝ տեր լինել թոշակառուներին, բարձրացնել թոշակները։

«Ղեկավարը պիտի աշխատի ժողովրդի համար, որ ժողովուրդն էլ հավատա ղեկավարին, էգուց Աստված ոչ անի, պատերազմ եղավ, ես պիտի գնամ, ոչ թե թալանչիները։  Խնդրում եմ Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամբություն կլինի, ավելի վատ բան կլինի։ Հաղորդեք իրեն, որ 30-40 մանեթ փող ստանալով, թոշակառուն կկարողանա՞ տաքության փող տալ, ես 80 տարեկան մարդ եմ, ինչպես անե՞ս, ուտես, թե՞ ջեռուցման փող տաս, ստիպված մուրացկանություն պիտի անես։ Իրենք, որ ուտում-խմում, բարձի վրա գլխները դրած պառկում են, ասում են հանրապետականներս լավ պիտի ապրենք․․․»։ «Լսեցի»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը  եղավ Արվեստների ակադեմիայում, Գյումրու Օյունջյան վարժարանում, Ձիթողցոնց տուն-թանգարանում։ Ամենուր հետաքրքրիր պատմություններ էին հիշում՝ կապված վարչապետ Արմեն Սարգսյանի հետ։ Նույնիսկ հիշեցին, թե վարչապետ եղած ժամանակ Արմեն Սարգսյանը, գալով Գյումրի ու հանդիպելով տուն-տեղ կորցրած մարդկանց հետ, չի կարողացել թաքցնել արցունքները։

Գյումրու Օյունջյան վարժարանում էլ երեխաների հետ շփվելիս, Արմեն Սարգսյանը սկսեց զրուցել անգլերենի ուսուցչուհու հետ ու պարզեց, որ նա Բեյրութից է տեղափոխվել հայրենիք։ Այս փաստն անչափ ուրախացրեց նախագահի թեկնածուին։

Նա ասաց, որ այսօր արտագաղթը մեծ խնդիր է, սակայն նման օրինակները ոգևորող են և այդ օրինակների մասին պետք է խոսել։  «Պետք է ամեն ինչ անել, որ հայրենիք վերադարձած անհատներն իրենց լավ զգան, անպայման, որովհետև նրանք նաև կապ ունեն նույն Բեյրութի, սիրիահայության, ֆրանսահայության, ամերիկահայության հետ և իրենց լավ օրինակն ու հաջողությունը Հայաստանում մյուսներին նույնպես կքաջալերի»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ