«Ամեն գնով ղեկավարի տարածքն են պահում». Դավիթ Սանասարյանը՝ ավագանու նիստում ծեծկռտուքի մասին

«Ամեն գնով ղեկավարի տարածքն են պահում». Դավիթ Սանասարյանը՝ ավագանու նիստում ծեծկռտուքի մասին

Ավագանու նախկին անդամ Դավիթ Սանասարյանն այսօր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը ոչ թե անպատժելիության մթնոլորտի, այլ անօրինական իշխանության առկայության հետեւանք է համարում:

«Եթե չունենայինք նման իշխանություն, նման իրավիճակներ չէինք ունենա: Տարիներ շարունակ քաղաքացիներն այդ հոտը շնչել են, մարդիկ էլ այդ ձեւն են գտել խնդիրը բարձրաձայնելու: Հայաստանում, եթե խնդիրները կարգավորելու օրինական ճանապարհը գործեր, չեմ կարծում, որ մարդիկ այդ խնդիրները լուծելու այլ ճանապարհով գնային: Իշխող հանրապետականները հարստանում են մեր միջոցների հաշվին, մերը գողանալով, հետո ասում են՝ փող չկա, որ այս կամ այն խնդիրը լուծենք: Նուբարաշենի խնդիրը ժամանակին բարձրացրել եմ, որ մարդիկ այդ հակահիգիենիկ ու հակասանիտարական հոտի մեջ, պայմաններում շարունակում են ապրել, ինչը բոլորիս համար անընդունելի է: Մինչեւ օրս այդ խնդիրը չի կարգավորվել»,- այս կարծիքին է Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով, ավագանու անդամների մեծ մասի նպատակը երեւալն էր, քանի որ տեսախցիկ էին տեսել. «Ուզում էին երեւալ, ցույց տալ՝ տեսեք այսպիսի բաների ենք պատրաստ: Կնոջն ապտակել, մազերից քաշել, քանի որ նախկինում պարգեւատրվել են, իսկ իրենց տեղը ավագանիում չպետք է լիներ, մենք գիտենք՝ ով ինչ-ինչ ճանապարհով է հասնում ավագանի, բնականաբար, պետք է ցույց տային, որ ապագայում իրենց պահվածքը դիտարկվի որպես շատ կարեւոր ու հավատարիմ պահվածք, ուղղակի նողկալի է: Նրանք ցույց են տալիս, թե ինչերի են պատրաստ, ամեն գնով ղեկավարի տարածքն են պահում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ