Որ ուզում են` լուծումը գտնում են

Որ ուզում են` լուծումը գտնում են

«Երեխայի մանկասայլակով դժվար է շրջել Երեւանում, մայթերը, շենք-շինություններն անմատչելի են, ինչ-որ տեղ մուտք գործելու համար ստիպված ես դիմել կողմնակի օգնության»,- այսպես պատասխանեց, երբ Բելառուսից մեր երկրում երկու փոքրիկների հետ ժամանակավորապես հյուրընկալված տիկնոջը հարցրի, թե Երեւանը դո՞ւր է գալիս նրան:

Քաղաքաշինական միջավայրի մատչելիությունը մեր երկրում դժվար լուծելի խնդիրներից է: Եվ որքան էլ քաղաքային իշխանություններն ամեն տարի ճոխ-ճոխ հաշվետվություններ են ներկայացնում, թե այսքան թեքահարթակ են կառուցել, այնքան շենք, մայթ ու հասարակական նշանակության օբյեկտ հարմարեցրել տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին, այդուհանդերձ խնդիրը համակարգային լուծում այդպես էլ չի ստանում:

Մինչդեռ մեր երկիրը դեռեւս 8 տարի առաջ է վավերացրել Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորվել է նրանց համար ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:

Ամեն անգամ, երբ քաղաքացիների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն այս խնդիրը բարձրացնում են եւ պնդում, որ ցանկության դեպքում սոցոլորտի պատասխանատուները կարող են լուծում գտնել, քաղաքային եւ մարզային իշխանությունները հակադարձում են, թե քաղաքաշինական միջավայրը մատչելի դարձնելը մեծ ծախսերի հետ է կապված: Օրերս նկատեցինք, թե Քանաքեռ-Զեյթուն համայնքի երկրորդական փողոցներից մեկի մայթն ինչպես է հարմարեցված, որն իրենից առանձնապես ծախսեր չէր պահանջում` համեմատությամբ տարին մի քանի անգամ ասֆալտապատվող փողոցների:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

13.02.2018