Արմեն Սարգսյանը «Վորդտրիս» խաղը տարել էր «Սինոփսիս»՝ ուսանողներին ցույց տալու. «Ես ձեզանից մեկն եմ»

Արմեն Սարգսյանը «Վորդտրիս» խաղը տարել էր «Սինոփսիս»՝ ուսանողներին ցույց տալու. «Ես ձեզանից մեկն եմ»

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Սինոփսիս» ընկերությունում է: Նրան նախ ներկայացրեցին ուսումնական ծրագրերը, թե քանի ուսանող ունեն, ինչ ծրագրերի վրա են աշխատում:

«Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց, որ «լավագույն  կրթությունը ստանում են այստեղ նեղ մասնագիտական, դրա համար պետք չի գնան Հարվարդ»: Արմեն Սարգսյանը կատակեց՝ «չէ, պետք է, թող գնան դաս տան այնտեղ»:

Պարոն Սարգսյանը ուսանողներին վստահեցրեց, որ իրենց ընտրած ուղին ճիշտ ուղի է:

Երբ ասացին, որ ուսանողները Սարգսյանից մեծ սպասելիքներ ունեն, վերջինս արձագանքեց. «Ես էլ սպասելիքներ ունեմ իրենցից»:

RA presidential candidate Armen Sargsyan paid a visit to Synopsys Armenia Office

RA presidential candidate Armen Sargsyan paid a visit to Synopsys Armenia Office

Նա ասաց, որ եկել է այս ընկերություն, որ հավատարմագիր հանձնի՝ իրեն էլ այդ «ակումբ» ընդունելու համար: Արմեն Սարգսյանը նշեց` մասնագիտությամբ, ճիշտ է, ֆիզիկոս է, բայց տարիներ առաջ զբաղվել է մաթեմատիկական մոդելավորմամբ. «Որպես հոբբի, մի քանի կոլեգաների հետ ռեկուրսիվ ֆունկցիաների ոլորտում մոդելներ ունեինք, հետո նաեւ որպես հոբբի խաղեր: Դրանցից մեկը բերել եմ ձեզ ցույց տամ, որ ես ձեր նման եմ եղել ժամանակին, ես ձեզանից մեկն եմ»:

 

Նա ասաց, որ աշխարհահռչակ համակարգչային «Տետրիս» խաղի մոդիֆիկացված տեսակի` «Վորդտրիսի» խաղային ծրագրի հիմնադիրներից մեկն է. «Կզարմանաք, ֆլոփի դիսկ է, հիշո՞ւմ եք, այդպիսի բան կար աշխարհում»: Նա «Նինթենդո» 80-ականների խաղն էլ էր բերել իր հետ:

Ուսանողներին Արմեն Սարգսյանը հարցրեց՝ ինձ հարցեր ունե՞ք ալգորիթմերի տեսությունից: Նա ասաց՝ եթե կդժվարանաք, դա իմ մասնագիտությունն է, զանգ տվեք, կփորձեմ օգնել ձեզ:

Մեկ ուրիշ լսարանում Արմեն Սարգսյանը հարցրեց ուսանողներին՝ ավարտելուց հետո ի՞նչ եք ծրագրում անել, կա՞ մարդ, որ ծրագրում է Հայաստանից հեռանալ: Ուսանողներն ասացին, որ այստեղ են ուզում աշխատել: Ուսանողներն ասացին, որ Հայաստանում էլ մեծ հնարավորություններ կան աշխատելու եւ եթե դուրս են ուզում գնալ, ապա միայն ՝ սովորելու եւ հետ վերադառնալու նպատակով:

Սարգսյանը նաեւ հարցրեց՝ ձեզանից քանի՞սն են «Սինոփսիսում» աշխատում: Ուսանողները բոլորը ձեռք բարձրացրեցին՝ Սարգսյանը զարմացավ, «Եվ այստեղ սովորում եք ձրի եւ աշխատավա՞րձ եք ստանում, շատ լավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ