«Ի՞նչ է, այս 5 շենքում հղի չկա՞ր, Գոռ Վարդանյան, կարո՞ղ է գիտեիր՝ «Հրեշների գայլը» ֆիլմում ես». Նուբարաշենի բնակիչ (Տեսանյութ)

«Ի՞նչ է, այս 5 շենքում հղի չկա՞ր, Գոռ Վարդանյան, կարո՞ղ է գիտեիր՝ «Հրեշների գայլը» ֆիլմում ես». Նուբարաշենի բնակիչ (Տեսանյութ)

Հասկանալու համար, թե ինչ «օդ» են շնչում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող 5 շենքերի բնակիչները, հնարավոր է միայն Նուբարաշենի խճուղի այցելելով: Մի քանի տարի է, ինչ բնակիչները խեղդվում են գարշահոտությունից, սակայն պաշտոնյաները գալիս-գնում են, խոստանում հարցը լուծել ու մոռանում խոստումը: ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է. կեղտաջրերը, ինչպես բնակիչներն են նշում, «գյոլ են կապում» բաց երկնքի տակ, գարշահոտություն տարածում, լցվում մշակովի հողատարածքները: Երեկ էլ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները խնդիրը բարձրացրել էին ավագանու նիստում. տարայով կոյուղաջուրը միջադեպի պատճառ էր դարձել:

Բնակիչներից Աննա Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ զարմացել է, թե ինչպես է կոյուղաջրով տարան հայտնվել «Երկիր Ծիրանիի» անդամների մոտ, բայց ճիշտ չէ միջադեպի կազմակերպումը գցել բնակիչների վրա ու ասել, թե իրենց միտքն է եղել: «Ո՞նց է դա հայտնվել նիստում՝ չգիտեմ: Դա սիրուն բան չի, ոչ էլ քաշքշուկը, բայց ինչո՞ւ պետք է բանը դրան հասներ: Որ գային, կոյուղին սարքեին, այսպես չէր լինի»,-վստահեցնում է նա: Տիկնոջը վրդովվեցրել է ավագանու ՀՀԿ-ական անդամ Ալինա Քուշկյանի ասածը, որ «ներսում կարող էին հղի կանայք լինել», որոնց վրա կանդրադառնար տարայի պարունակությունը: «Նա ո՞նց կարողացավ նման բան ասել: Այսինքն, այս հինգ շենքում հղիներ չկա՞ն: Ուզում է ասել՝ այս հինգ շենքում բոլորը որձե՞ր են, հարս չկա՞, մարդ չկա՞…ինչպե՞ս կարող էր այդպես արտահայտվել: Փոխանակ հարցին լուծում տան, կռիվ են սարքում»,-ասում է Աննա Գեւորգյանը:

Նրան դուր չի եկել նաեւ ՀՀԿ-ական ավագանի Գոռ Վարդանյանի պահվածքը. «Նրան պաշտում ենք որպես դերասան, բայց ինչպե՞ս վարվեց ավագանու կին-անդամ Մարինա Խաչատրյանի հետ. բռնի կերպով դուրս հանեց: Կարո՞ղ է գիտի՝ «Հրեշների գայլը» ֆիլմում էր նկարահանվում…չի կարելի»:

Բնակիչները պատկան մարմիններին կրկին խնդրում են՝ նորոգել կոյուղին ու վերջապես իրենց շնչելու  հնարավորություն տալ: «Մենք չենք ուզում խառնվել քաղաքապետ-Փոստանջյան ներքին խոհանոցին, դա մեր գործը չէ: Մենք ուղղակի խնդրում ենք այս հարցը լուծել»,-ընդգծում է տիկին Աննան:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ